Փաստ է, որ Հայաստանն ու Արցախը մեկ միասնական քաղաքական, տնտեսական օրգանիզմ են, ու հաճախ Երևանում կատարվող պրոցեսները շարունակություն են ունենում Ստեփանակերտում և՝ հակառակը:
Երեկ հրաժարական տվեց ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահը:
Գուցե հանրային գիտակցության մեջ նախապատրաստվում է նաև Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականը, մանավանդ որ նախորդ տարվա նրա սկանդալային զեկույցից հետո այս պաշտոնյան միանշանակ ընկալում չունի իշխանության միջանցքներում:
Զաքարյանից Սերժ Սարգսյանի թիմը դժգոհելու այլ առիթ էլ ունի. ասում են՝ նա օնլայն կապի մեջ է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Վերջին օրերին ուշագրավ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ իր պաշտոնին հրաժեշտ է տալու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով իր այսօրվա կարգավիճակը վաստակել է գործող և երկրորդ նախագահների պայմանավորվածությունների արդյունքում:
Նույն պնդումը կարելի է անել նաև Իշխանի մասով:
Ահա եկել են ժամանակներ, որ այդ պայմանավորվածություններն այևս չեն գործում. կա հակադրություն Սարգսյանի ու Քոչարյանի թիմերի միջև, կամ նրանք պետք է հանգեն նոր պայմանավորվածությունների:
Երկու դեպքում էլ նոր իրավիճակ է ստեղծվել, ու նախկին պայմանավորվածությունների արդյունք կադրերն այլևս պահանջարկված չեն:
Այս տրամաբանության մեջ նույնպես՝ Իշխան Զաքարյանի հրաժարականը սպասելի է:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ